Տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության ինդեքսի շնորհանդեսը

dsc_2508

2016թ. նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ «Երեխայի պաշտպանության ինդեքս»-ի շնորհանդեսը: «Երեխայի պաշտպանության ինդեքս»-ն իրականացվել է Երեխաների պաշտպանության ցանցի կողմից, որը միավորում է ՀՀ-ում երեխաների պաշտպանությամբ զբաղվող 41 հասարակական կազմակերպությունների: Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ՝ Սոնա Հարությունյանը, ՀՀ Կառավարության, ՀՀ ԱԺ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Տանյա Ռադոկայը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

Երեխայի պաշտպանության ինդեքսը 626 ցուցանիշներից բաղկացած գործիք է, որի հիման վրա գնահատվել է, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրականացրել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով (ԵԻԿ) ստանձնած իր պարտավորությունները երեխաների պաշտպանության գործում: Համեմատական վերլուծություն է իրականացվել ինը երկրներում՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Կոսովո, Հայաստան, Մոլդովա, Ռումինիա, Սերբիա և Վրաստան:

ՀՀ-ն զբաղեցնում է 8-րդ տեղը ինը երկրների շարքում խոցելի երեխաների պաշտպանությանն ուղղված համընդհանուր գործողությունների կատարման առումով՝ ունենալով 0,417 միավոր` առավելագույնը 1,0 միավորից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, մեծապես կարևորելով Ինդեքսի թողարկումը, ասաց. «Ողջունում ենք այս շատ կարևոր նախաձեռնությունը։ Ինդեքսը հնարավորություն է տալիս տեսնել երեխաների պաշտպանության՝ մշակված ու իրականացված քաղաքականության արդյունքները ոչ միայն Հայաստանում, այլև Ինդեքսում ներգրավված այլ երկրների հետ համեմատութան մեջ»։ Տիկ. Հարությունյանն ավելացրեց, որ իրապես մեծ աշխատանք կա կատարելու երեխայի պաշտպանության ոլորտում, որտեղ պետք է հաշվի առնվեն նոր զարգացումներն ու դրանցից բխող տվյալները, որոնցից ինդեքսը դառնում է առավել կիրառելի։ Եզրակացնելով իր խոսքը, Սոնա Հարությունյանը նշեց, որ Ինդեքսի արդյունքներն պետք է օգտագործվեն ներկայումս շրջանառության մեջ գտնվող երեխաների պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրում։

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը նշեց.  «ՀՀ վերջին բարեփոխումները՝ ուղղված տարբեր մակարդակներում սոցիալական աշխատանքի և դեպքի վարում ներմուծելուն, պահանջում են հատուկ ուշադրություն համակարգման մեխանիզմների և աշխատակազմի կարողության ամրապնդման վրա: Համայնքային ծառայությունների զարգացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ծառայությունների ապակենտրոնացման ուղղությամբ»:

«Վորլդ Վիժն-Հայաստան» միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Ժիրայր Էդիլյանը ասաց. «Ինդեքսը հնարավորություն է տալիս երեխաների պաշտպանության ոլորտում կուտակված փորձի և քաղված դասերի հասանելիություն ապահովել: Այն իրականացվել է այնպիսի մեթոդաբանությամբ, որը թույլ է տալիս համադրելու և համեմատելու, թե առանձին երկրներ ինչ առաջընթաց են արձանագրել երեխաների պաշտպանության ոլորտում, միևնույն ժամանակ ընձեռնում է լավագույն փորձի փոխանակման հնարավորություն»:

Ինդեքսի տվյալները ցույց են տալիս ՀՀ-ում կառավարման, օրենսդրության և քաղաքականությանն ուղղված գործողություններում աճ: Տեղական մակարդակում սոցիալական աշխատանք է ներդրվում, ինչը վկայում է քաղաքականությունը իրականացնելուն ուղղված ջանքերի մասին: Անհրաժեշտ է աշխատանք կատարել առաջարկվող ծառայություններն ու կարողությունը ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ-ն իր ջանքերը կենտրոնացրել է ծնողներից բաժանված երեխաների հարցերի վրա, ավելի քիչ ուշադրություն է դարձվում բռնությունից և շահագործումից պաշտպանելուն:  Ինդեքսով ներկայացվում են մի շարք առաջարկություններ՝ ուղղված երեխաների խնամքի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի և բռնություններից զերծ մնալու իրավունքների ապահովմանը:

ԵՊ Ինդեքսն իրականացվել է Երեխաների պաշտպանության ցանցի կողմից «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարության, «Վորլդ Վիժն Գերմանիա» միջազգային կազմակերպության և Childpact` երեխաների պաշտպանության տարածաշրջանային ցանցի աջակցությամբ:

dsc_2608 dsc_2591 dsc_2494