Տարեկան զեկույցներ

Գործունեության հաշվետվություն 2014 թ.

Երեխաների պաշտպանության ցանցը (այսուհետև՝ ԵՊ ցանց) ձևավորվել է 2005 թվականին` նպատակ ունենալով բարելավել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև նպաստել երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխմանը:

2012թ-ին հունվարի 27-ին ԵՊ ցանցը պաշտոնապես գրանցվեց՝ որպես ոչ առևտրային իրավաբանական անձանց միություն: Պաշտոնական գրանցումից հետո ԵՊ ցանցի նպատակները փոխվեցին՝ ուղիղ ծառայությունների տրամադրումից անցնելով ադվոկացիային և լոբբինգին, մասնավորապես՝

  • Աջակցել Հայաստանում երեխաների բարեկեցությանն ուղղված ցանցի անդամ-կազմակերպությունների ջանքերի նպատակաուղղմանը՝ ի նպաստ երեխաների բարեկեցության,
  • մասնակցություն ունենալ երկրում երեխաների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին՝ ի նպաստ երեխաների պաշտպանության համակարգի հզորացման:

Իրականացված գործողություններ. 2012 թ .

Կլոր-սեղան հանդիպում շահագրգիռ կողմերի հետ

Հանդիպման նպատակն էր արծարծել դժվար վիճակում հայտնված երեխաների պաշտպանությանը վերաբերող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ոլորտի պետական բարեփոխումների ներկա ընթացքը, պետության և հասարակական կառույցների միջև համագործակցությունը, երկրում և տարածաշրջանում ցանցի գործողությունների առաջնահերթությունները:

Խնամակալության ներքո գտնվող երեխաների իրավիճակի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն իրականացվել է «Փաստերի վրա հիմնված դեպքի ուսումնասիրություն» ինտենսիվ վերլուծության մեթոդով (Evidence-based case study intensive analysis method): Ուսումնասիրությունը նպատակ ուներ պարզել հետևյալը.

  • ոլորտում ի՞նչ բացեր կան,
  • ի՞նչ կարիքներ ունեն խնամակալված երեխաները,
  • ի՞նչ կարիքներ ունեն խնամակալ ծնողները,
  • ի՞նչ փոփոխություններ և լուծումներ կարելի է տալ ստեղծված իրավիճակին:

Ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով իրականացվել են հարցազրույցներ 6 մարզում, 25 համայնքում, 25 ԽՀՀ անդամների շրջանում, 6 ԵԻՊԲ-ում, 99 խնամակալի հետ, այդ թվում Երևան քաղաքի 9 վարչական շրջանում: Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ www.armeniachildprotection.org
2012թ. ԵՊ ցանցը մասնակցել է բազմաթիվ այլ կլոր-սեղան հանդիպումների՝ ներկայացնելով Ցանցի տեսակետը, ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտում մի շարք առաջնահերթ հարցերի հետ կապված հնչեցնելով առաջարկներ ու դիտարկումներ: Նույն տարվա ընթացքում կազմակերպվել են մի շարք դասընթացներ, սեմինարներ, որոնք նպաստել են Ցանցի անդամների կարողությունների զարգացմանը:

2013 թ . Վեբ-կայքի ստեղծում

ԵՊ ցանցի վերջին նորությունները հանրությանը ներկայացնելու նպատակով ստեղծվեց վեբ-կայք` http://armeniachildprotection.org/ Կայքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: ԵՊ ցանցին առնչվող յուրաքանչյուր նորություն տեղադրվում է կայքում:

Տեսանյութ

ԵՊ ցանցը, անդամակցելով Սևծովյան ընդգրկուն տարածաշրջանային ChildPact կոալիցիային, վերջինիս հետ համատեղ նկարահանեց տեսանյութ, որը հաստատությունների վերափոխման անհրաժեշտության, ինչպես նաև համայնքային սոցիալական աշխատողների հաստիքի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ է: Տեսանյութը միտք ուներ նաև հասարակության շրջանում բարձրացնել իրազեկումը խնամքի հաստատությունների վերափոխման և համայնքային սոցիալական աշխատողներ ունենալու անհրաժեշտության վերաբերյալ: Տեսանյութը տեղադրված է կայքում:

Մամուլի ասուլիս

Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվեց մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող բռնությունների դեպքերի՝ իրեն հայտնի վիճակագրությունը, ինչպես նաև այդ երեխաներին աջակցություն ցուցաբերելու գործընթացում հանդիպող դժվարությունները և աջակցության մեխանիզմների բարելավման հնարավորությունները:

ChildPact նախագահության ստանձնում

2013թ. ընթացքում ԵՊ ցանցը ստանձնեց ChildPact-ի նախագահությունը, որի ընթացքում տարաբնույթ բանակցություններ իրականացվեցին՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցության խթանմանը, այդ թվում՝ բանակցություններ են տարվել PABSEC-ի հայաստանյան հանձնաժողովում երեխաների պաշտպանության հարցերով նոր հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ:

Հիմք ընդունելով Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 127/2012 հանձնարարականը և հաշվի առնելով 05.09.2013 թվականին Սևծովյան 6-րդ ամենամյա ֆորումի ընթացքում «ChildPactե-ի Բուխարեստի հռչակագիրը՝ ԵՊ ցանցը կարևորել է տարածաշրջանային համագործակցությունն ու կենտրոնացրել իր ուժերը՝ նպաստելու այդ միջպետական համագործակցությունը կայացնելու նպատակով: Բանակցություններ են տարվել PABSEC-ի հայաստանյան պատվիրակության անդամների, ղեկավարի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ: Աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

2014թ.

2014թ. ԵՊ ցանցը մեկնարկեց «Միասին՝ հանուն երեխաների» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության կողմից , իրականացվում ՄԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի և Ռումինիայի զարգացման կենտրոնի կողմից , ՎորլդՎիժն – Ռումինիայի և Երեխաների հետ աշխատող ՀԿ – ների ռումինական ֆեդերացիայի հետ համագործակցաբար :
Կլոր-սեղան հանդիպում

Կազմակերպված կլոր-սեղան հանդիպումը նվիրված էր ԵՊ ցանցի գրանցման 2-ամյակին: Հանդիպման ժամանակ նաև տրվեց «Միասին՝ հանուն երեխաների» ծրագրի մեկնարկը, ինչպես նաև ներկայացվեց ԵՊ ցանցի կողմից իրականացված խնամակալության՝ որպես այլընտրանքային ընտանեկան մոդելի ուսումնասիրության արդյունքները, կատարվեց Ցանցի կողմից նկարահանված տեսանյութի պրեմիերան, ինչպես նաև քննարկվեց տարածաշրջանային համագործակցության խթանման արդյունավետ մեխանիզմները:

Քաղաքականության համառոտ վերլուծականների (policy papers) պատրաստում

ԵՊ ցանցը, ստեղծելով աշխատանքային խմբեր, աշխատեց մի շարք հիմնախնդիրների շուրջ՝ ստեղծելով քաղաքականության համառոտ վերլուծականներ՝ ուղղված առկա քաղաքականության փոփոխմանը: Մշակված համառոտ վերլուծականները ներքոնշյալ հիմնախնդիրների ուղղությամբ էին.

  • Խնամքի ընտանեկենտրոն այլընտրանքային տարբերակների զարգացում
  • Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների կանխարգելման և վաղ միջամտության բաղադրիչի զարգացում
  • Անչափահասների արդարադատություն
  • Խնամքի շարունակականության ապահովում
  • Մինչև 3 տարեկան երեխաների ինստիտուցիոնալացման կանխարգելում

ԵՊ ցանցը դեռևս աշխատանքներ է տանում այս հիմնախնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ, ավելին՝ իր ռազմավարական ուղղությունների ուշադրության կենտրոնում է պահում այս հիմնախնդիրների լուծումները:

Մամուլի ասուլիս

Հանրային լսման նախօրեին ԵՊ ցանցի ներկայացուցիչները կազմակերպեցին մամուլի ասուլիս, որը նվիրված էր մի շարք մի շարք հարցադրումների բարձրացմանը. արդյո՞ք պետությունն է միայն պատասխանատու երեխաների պաշտպանության համար, արդյո՞ք երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների հետ կապված ամեն ինչ լավ է հաշվարկված, և այլն:

Բանակցություններ, հանդիպումներ Ազգային ժողովում 2014թ. ընթացքում

Հանդիպումները մի նպատակ ունեին. հանրային լսումներին ընդառաջ ադվոկացիա և լոբբինգ իրականացնել երեխաների պաշտպանության ոլորտում նշված հարցերի շուրջ՝ ուղղված երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկելու պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նորարարական մեխանիզմներ:

Հանրային լսում

Քաղաքականության համառոտ վերլուծականները ներկայացվեցին հանրային լսմանը, որին մասնակցում էին երեխաների պաշտպանության ոլորտում մի շարք որոշում կայացնողներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ, հանձնաժողովների նախագահներ, փորձագետներ, կառավարության ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ միջազգային և տեղական կազմակերպություններից և այլ շահագրգիռ կողմեր:

ԵՊ ցանցի անդամները ներկայացրին երեխաների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաև հանդես եկան համապատասխան առաջարկություններով: Բանախոսների
պնդմամբ, բարեփոխումների մեկնարկին շատ կարևոր է բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համախմբումն ու համաձայնեցված գործողությունները:

4-օրյա այց Ռումինիա

Հայաստանից Ռումինիա մեկնեցին ԱՍՀ նախարարի խորհրդական պարոն Դավիթ Հակոբյանը և ԵՊ ցանցի նախագահ Միրա Անտոնյանը: Ծանոթացման այցի նպատակն էր քննարկել տարածաշրջանային բարեփոխումները երեխայի պաշտպանության համակարգերում և կիսել Ռումինայի քաղած դասերը այս գործընթացում:

Մենթորության ծրագիր

ԵՊ ցանցի ներկայացուցիչ Լիլիթ Մելքումյանը մեկնեց Ռումինիա՝ ծանոթանալու երկրում գործող սոցիալական ծառայությունների հետ:

Գլխավոր տարեկան համաժողով

Գլխավոր տարեկան համաժողովը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի 9-ին: Նպատակն է ապահովել Ցանցի արդյունավետ կառավարումը, ինչպես նաև Ցանցի համար մի շարք կենսական որոշումների կայացումը:

ԵՊ ցանցի անդամ-կազմակերպություններ

  1.  Ամերիկայի ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ
  2.  Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղ
  3.  «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ
  4.  «Զանգակատուն» ԲՀԿ
  5.  «Էմմանուել» հատուկ կարիքներով երեխաների ՀԿ
  6.  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
  7.  «Ընտանիք և համայնք» ԲՀԿ
  8.  «Խարիզմա» ՀԿ
  9.  «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  10.  «Համայնքային զարգացում և սոցիալական աջակցություն» ՀԿ
  11.  Հայաստանի մանուկներ հիմնադրամ
  12. Հայ ժողովրդավարական ֆորում
  13.  «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ
  14. «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամ
  15.  «Մանկական զարգացման հիմնադրամ» ՀԿ
  16.  «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա
  17. «Պարգևենք ժպիտ» ՀԿ-ն, (18) «Սոցիալական արդարություն» ՀԿ
  18.  «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ
  19.  «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ
  20. «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
  21.  «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղ
  22.  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
  23. Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ