Մեր մասին

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ

Երեխաների պաշտպանության ցանցը (ԵՊՑ) երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների ազգային կոալիցիա է:

ԵՊՑ հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:

2012թ հունվարին ԵՊՑ-ն գրանցվեց` որպես «Երեխաների պաշտպանության ցանց» ոչ առևտրային իրավաբանական անձանց միություն: Այն ներկայումս ունի երեխաների պաշտպանությամբ զբաղվող 39 անդամ-կազմակերպություն և շարունակում է ընդլայնվել՝ ներգրավելով նոր անդամների: Ցանցի անդամ կազմակերպությունների ուղղակի և անուղղակի շահառուների թիվը կազմում է ավելի քան 62.000 երեխաներ և 12.000 ընտանիքներ:

2012թ.-ից ԵՊՑ-ն անդամակցում է ChildPact-ին՝ Երեխաների պաշտպանության տարածաշրջանային կոալիցիային, որը համախմբում է 10 երկրներից երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող 600 հասարակական կազմակերպությունների:

Երեխաների պաշտպանության ցանցի ռազմավարական ուղղություններն են՝

  1. Քարոզչական և լոբիստական աշխատանքների իրականացում՝ ուղղված երեխաների պաշտպանության ոլորտում օրենքների, ընթացակարգերի և պրակտիկ աշխատանքների բարելավմանը,
  2. Երեխաների իրավունքների վերաբերյալ հանրային/մասնագիտական իրազեկում,
  3. Երեխաների պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ներուժի կենտրոնացում:

ԵՊՑ-ն իր առաքելությանը հասնելու համար ռազմավարության առաջնահերթություններից ելնելով՝ աշխատանքը կազմակերպում է աշխատանքային խմբերի միջոցով՝ առանձին թեմատիկ ուղղություններով:

Նպատակ

Երեխաների պաշտպանության ցանցը, համախմբելով կազմակերպություններին և աջակիցներին, իր ներդրումն է ունենում այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ պաշտպանված է երեխայի լավագույն շահը:

Առաքելություն

Նպաստել երեխաների բարեկեցությանը՝ իրականացնելով ադվոկացիա և մասնակցություն ունենալով երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանն ուղղված քաղաքականության մշակմանը, հստակեցմանը, դրա իրականացմանն ու մշտադիտարկմանը: