ՀՀ-ՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

DSC_0232

«Երեխաների պաշտպանության ցանց»-ը, որը միավորում է երեխաների պաշտպանությամբ զբաղվող 39 հասարակական կազմակերպությունների, ս.թ. հուլիսի 8-ին ք. Մեծամորում գործող «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ցերեկային կենտրոնում կազմակերպել էր «Այլընտրանքային խնամքի ծառայությունների բարեփոխումները» թեմայով քննարկում: Քննարկման խոսնակներն էին ԵՊՑ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի տնօրեն Քնարիկ Գարանֆիլյանը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի Խնամատարության ծրագրի ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը, «Հայկական Կարիտաս»-ի շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Քննարկման ընթացքում մասնակիցները կարևորեցին երեխաների խնամքի հաստատություններին այլընտրանքային տարբերակների զարգացումը, ցերեկային խնամքի կենտրոնների բազմաֆունկցիոնալ ծառայություններ մատուցելու կարևորությունը:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի Խնամատարության ծրագրի ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը նշեց, որ այսօր հաստատություններում (ներառյալ՝ հատուկ դպրոցները, մանկատները, ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական) ապրում է շուրջ 3500 երեխա: ՀՀ-ում մանկական աղքատության ցուցանիշը 34% է, որը նշանակում է, որ շուրջ 280.000 երեխա զրկված է անհրաժեշտ ծառայություններ ստանալու հնարավորությունից: 3500-ը երեխաների աղքատ բնակչության ընդամենը 1%-ն է, այսինքն, հաստատությունների միջոցով լուծվում է միայն 1%-ի կարիքներն ու խնդիրները: Իսկ աղքատ երեխաների բնակչության մեծամասնությունը չի ստանում իրեն անհրաժեշտ ծառայություններ, որը պայմանավորված է երկրում առաջարկվող ծառայությունների ոչ բավարար ծածկույթով, կյանքի դժվարին վիճակում գտնվող երեխաներին և ընտանիքներին օգնելու պետական գործող մեխանիզմների ոչ բազմազան լինելու, ուղղորդման և վերահսկման ընթացակարգերի անհստակություններով և այլն: Այսինքն, երկրում գործող ծառայությունները չեն համապատասխանում աղքատության պայմաններում ապրող երեխաների թվին և կարիքների բնույթին:

«Երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016թթ ազգային ռազմավարական ծրագրում ՀՀ Կառավարությունը գերակա խնդիր է համարել երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների վերակազմակերպումը: Հաճախ թյուրըմբռնում կա, որ սույն բարեփոխման շրջանակներում  ենթադրվում է հաստատությունների փակում, բայց ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ խոսքը հաստատությունների վերակազմակերպման մասին է, այսինքն՝ դրանք վերածվելու են ընտանիքների աջակցության բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որոնք տարաբնույթ ծառայություններ կառաջարկեն երեխաներին և ընտանիքներին: Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձը և այլընտրանքային խնամքի մյուս տարբերակների (խնամակալություն, որդեգրություն) կազմակերպումը հնարավոր չեն լինի, կառաջարկի խնամատարության մոդելը: Խնամատարությունը ենթադրում է երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը այլ՝ ոչ հարազատ ընտանիքում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ խնամատարությունն, այսպիսով, այլընտրանք է հաստատությանը, ոչ թե կենսաբանական ընտանիքին»,- նշեց Ելենա Հարությունյանը:

«Ընտանիք և համայնք» ՀԿ-ի տնօրեն Քնարիկ Գարանֆիլյանը նշեց.- «ՀՀ-ում առկա է երեխաներին մատուցվող ծառայությունների տեսականու և քանակի սակավություն: Բարեբախտաբար մի շարք հասարակական կազմակերպություններ ստեղծել են խնամքի կենտրոններ, որոնք լրացնում են այդ բացը, սակայն միևնույն է դեռ խնդիրը չի լուծվում: Հատկապես ներկայումս ընթացող բարեփոխումների համատեքստում նման ցերեկային կենտրոնների կարևորությունը ավելի արդիական է:

Քանի որ այսօր կան որոշակի թվով ՀԿ-ներ, որոնք մատուցում են նման ծառայություններ, գտնում ենք, որ պետական պատվիրակումը կարող է խթան հանդիսանալ նրանց հզորացմանը և նոր ծառայությունների ստեղծմանը»:

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը ասաց.- «Մանկական զարգացման հիմնադրամը մասնագիտական ծառայություններ է մատուցում և հիմնական նպատակը ներառական հասարակություն ստեղծելն է, ներառումը վերաբերում է ոչ միայն հաշմանդամությանը, այլ մեր պատկերացմամբ անհատի դրսևորումն է հասարակությունում: Ներկայումս ընթանում է երեխաների պաշտպանության երկու բարեփոխումներ՝ խնամքի հաստատությունները և հատուկ դպրոցները վերակազմակերպվում են բազմաֆունկցիոնալ ցերեկային ծառայությունների և շարունակելու են գործել տվյալ աշխարհագրական տեղանքում: Շատ անհավասար են բաշխված ծառայությունները, մի շարք մարզերում՝ Արագածոտն, Վայոց ձոր և Արարատ, ընդհանրապես որևէ ծառայություն չկա»:

«Հայկական Կարիտաս»-ի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը նշեց.- «2015թ. նոյեմբերի դրությամբ Հայկական Կարիտասի հետազոտության տվյալների համաձայն ՀՀ-ում գործում է 31 ցերեկային խնամքի կենտրոն, որոնցից երեքը պետական հաստատություններ են, իսկ մնացածը՝ ոչ պետական: Ցերեկային խնամքը այլընտրանքային խնամք չէ, քանի որ ապացուցվել է, որ այն այլընտրանք չունի»:

Երեխաների պաշտպանության ցանցը շարունակելու է իրականացնել ընթացիկ բարեփոխումների դիտարկումը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: