Հաշմանդամություն ունեցող երեխաների վերադարձը հաստատություններից ընտանիք

 

Երեխայի զարգացմանն ուղղված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխայի զարգացումը խթանող ամենաբարենպաստ միջավայրը ընտանիքն է։  Որքան էլ խնամքի հաստատությունը հագեցած լինի տարատեսակ սարքավորումներով և որակյալ անձնակազմով, այն նույն միջավայրը չի կարողանա ստեղծել երեխայի զարգացումը խթանելու համար։ Հաստատությունում երեխան ավելի կախյալ, ապանձնավորված, սեփական իրավունքները ոչ ամբողջությամբ իրացնող և հասարակությունից մեկուսացված է։ Սա առավել ակնառու է հաշմանդամություն ունեցող երեխաների պարագայում։

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ Այն առաջնահերթություն է դիտարկվում Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարական ծրագրով։ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ անհնարինության դեպքում՝ ընտանիքահենք խնամքի այլ տարբերակների կիրառմամբ կազմակերպելու ուղղությամբ։ Այս նպատակին է ուղղված նաև երկրի ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը, որը կոչված է երեխայի խնամքի և կրթության շուրջօրյա հաստատությունների փակմանը կամ վերակազմավորմանը՝ նպատակ ունենալով երեխաների խնամքը և կրթությունը կազմակերպել ընտանիքահենք և համայնքահենք միջավայրում։

Հաստատություններում բնակվող երեխաների թվի նվազումը պայմանավորված է առավելապես հաշմանդամություն չունեցող երեխաների՝ հաստատություններից դուրս բերմամբ, մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը շարունակում է գրեթե անփոփոխ մնալ։ Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի՝ 2015-2018 թթ. ընթացքում ծննդատներից մանկատներ տեղափոխված 181 երեխաներից 97-ը առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են։ Պետության մինչև այժմ ձեռնարկած քայլերը հիմնականում ուղղված են եղել ընդհանուր տիպի մանկատների և գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորմանը։ Սա անհավասար և խտրական պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ հետաձգելով նրանց՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։

Այն պարագայում, երբ ապաինստիտուցիոնալացման արդյունքում հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական ընտանիք, իսկ խնամակալությունն ու որդեգրումը ևս տարբերակ չեն, խնամատար ընտանիքի ինստիտուտը պետության կողմից ներդրված այլընտրանքային միջոց է, որը կոչված է երաշխավորելու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը։ Չնայած խնամատարությունը պաշտոնապես ամրագրվել է 2008-ին՝ 2019 թ. դրությամբ խնամատար ընտանիքում խնամք է ստացել ընդամենը 5 հաշմանդամություն ունեցող երեխա։

Վերջին 2 տարիների իրավական բարեփոխումների արդյունքում խնամատարությունը՝ որպես ինստիտուտ, համապարփակ իրավական ձևակերպումներ է ստացել, ինչն ընդգրկուն հնարավորություններ է ստեղծում այլընտրանքային խնամքի այս ձևի լայն կիրառման համար։ Մյուս կողմից՝ դեռևս խտրական են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հանրային ընկալումները, ինչը պարարտ հող է ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հաստատություններում հայտնվելու համար։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ անհրաժեշտ է թիրախավորված մոտեցում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամք տրամադրող հաստատությունների ապաինստիտուցիոնալացմանը և մասնագիտացված խնամատարությանը՝ որպես հաշմանդամություն ունեցող երեխայի՝ ընտանիքահենք խնամքի կազմակերպման այլընտրանքային ձև։

Հրապարակումը կատարվել է  «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Բուլղարիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։