Հայտարարություն

Սույն թվականի հունիսի 16-ին հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին:

Այս մասին մամուլում տեղ գտած հոդվածների շարքում էր lragir.am կայքում հրապարակված հոդվածը, որին կից լուսանկարից երևում է, որ Օֆելյա Համբարձումյանին վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցում են նաև երեխաներ: Երեխաները Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներ են: Նկարում ակնհայտ երևում են առաջին շարքում կանգնած երեխաների վախեցած դեմքերը:

 

Երեխայի իրավունքների մասին ՄԱԿի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:

 

Խորին հարգանք տածելով Օֆելյա Համբարձումյանի անձի և թողած մշակութային ժառանգության հանդեպ՝  գտնում ենք, որ երեխաներին այս ձևաչափով մասնակից դարձնելը չի բխում նրանց լավագույն շահից:

Ավելին, հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները՝ նմանատիպ միջոցառումներին երեխաներին մասնակից դարձնելը կարող է, առնվազն, հոգեբանական բացասական հույզեր և ապրումներ առաջացնել նրանց մոտ, ինչն անընդունելի է:

Այս իմաստով, կարևորում ենք ոչ միայն կազմակերպիչների, այլև ծնողների իրազեկվածության և պատասխանատվության հարցը:

Երեխաների պաշտպանության ցանցը դատապարտում է նման մոտեցումը, համարում այն երեխաների նկատմամբ կիրառված հոգեբանական բռնություն և կոչ է անում պատկան մարմիններին համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել՝ նման դեպքերը հետագայում բացառելու համար: