Հայտարարություն

Ս.թ. հուլիսի 29-ին ոստիկանության կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Տուժածների մեջ կան նաև մանկահասակ երեխաներ:

 

Տուժել է երկու ամսական երեխա, կան նաև չորս տարեկան, հինգ տարեկան, երկու տարեկան մանկահասակ երեխաներ: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում[1]:

 

Տեսանյութերից պարզվում է, որ ոստիկանները նաև մտել են Սարի թաղի բնակիչների տուն, ծեծել և վախեցրել են երեխաներին:

 

«Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

 

Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

 

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ մասնակից պետություններն ապահովում են, որ ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

 

Գտնում ենք, որ որոշ ոստիկաններ խախտել է հարկադրական բնույթի լիազորությունների կիրառման անհրաժեշտության և համաչափության սկզբունքները, որի հետևանքով տուժել են նաև երեխաներ:

 

Երեխաների պաշտպանության ցանցը խստորեն դատապարտում է ոստիկանների կողմից կիրառված բռնությունները, և կոչ է անում պատկան մարմիններին իրականացնել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց: Հաշվի առնելով լարված իրավիճակը և հնարավոր ռիսկերը՝ ծնողներին հորդորում ենք երեխաներին զերծ պահել զինված բախումների կիզակետում հայտնվելուց:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում պատկան մարմիններին առանց բռնությունների, խաղաղ ճանապարհով լուծում տալ ստեղծված իրավիճակին:         

                                                 

[1] http://galatv.am/hy/news/159176/#.V5vPqUw8ijI.facebook