Հայտարարություն երեխաների մասին լուսաբանման սկզբունքների խախտումների վերաբերյալ

Սույն թվականի փետրվարի 28-ին http://shamshyan.com/ լրատվական կայքը հրապարակել է «Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը» վերտառությամբ հոդված: Նշված հոդվածն իրենց կայքերում նույնությամբ տեղադրել են մի շարք այլ լրատվամիջոցներ ևս:

Հոդվածում մասնավորապես նշվել են հաստատության անունը, երեխաների անուն ազգանունները, ինչպես նաև տեղադրվել են նկարներ, որտեղ բացահայտ երևում են երեխաների դեմքերը: Թեև բազմաթիվ հորդորների արդյունքում երեխաների անունները հոդվածից հանվեցին, սակայն նկարները շարունակում են տեղադրված մնալ տարբեր կայքերում:

Երեխաների պաշտպանության ցանցը, միավորելով երեխաների խնամք մատուցող, շահերի և իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող 39 կազմակերպություն, հարկ է համարում հիշեցնել, որ երեխաների մասին լուսաբանումները պետք է իրականացվեն միմիայն հաշվի առնելով ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված սկզբունքները, ինչպես նաև երեխաների մասին նյութերի լուսաբանման լրագրողական էթիկայի կանոնները[1]: Մասնավորապես, անչափահաս անձանց մասին լուսաբանումը պետք է իրականացվի երաշխավորելով անչափահասի անձնական կյանքը լիովին հարգելու իրավունքը: Այս սկզբունքի հիմնական նպատակն է խուսափել անչափահասին իր հասակակիցներից և ընդհանրապես հասարակությունից մեկուսացնելու, կամ պիտակավորելու հետևանքով առաջացող վնասներից: Լուսաբանումը չպետք է որևէ կերպ վնաս պատճառի երեխային կամ վնաս հասցնելու սպառնալիք հանդիսանա: Չպետք է հրապարակվի որևէ տեղեկատվություն, որը կարող է բացահայտել անչափահասի ինքնությունը այնպիսի բացասական հանգամանքների համատեքստում, ինչը կարող է ունենալ պիտակավորման ազդեցություն, ինչպես նաև նշանակություն ունենալ կրթության մատչելիության, անչափահասի անվտանգության և այլ իրավունքների իրականացման, համար: Երեխայի լավագույն շահը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է դրվի լրագրողի կողմից երեխայի մասին լուսաբանման հիմքում:

Քննարկելով հոդվածի բովանդակությունն ու լուսաբանման ձևը՝ հայտարարում ենք, որ սույն հոդվածի շրջանակներում խախտվել են վերը նշված կանոնները: Չեն պահպանվել երեխայի լավագույն շահի և նրա անձնական կյանքի լիովին պահպանման հիմնարար սկզբունքներ։

Հաշվի առնելով վերոնշյալը և առաջնորդվելով երեխայի լավագույն շահի, ինչպես նաև երեխային չվնասելու հիմնարար սկզբունքներով` կոչ ենք անում լրագրողական համայնքին դրսևորել մասնագիտական պատշաճ մոտեցում՝ երեխաների մասին լուսաբանում իրականացնելիս:  Միաժամանակ կոչ ենք անում պետական շահագրգիռ մարմիններին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, գործուն քայլեր ձեռնարկել ինչպես այս մասնավոր դեպքի լուսաբանման հետևանքով առաջացած խնդիրները վերացնելու, այնպես էլ ապագայում նման իրավիճակներից զերծ մնալու համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ:   

Երեխաների պաշտպանության ցանցը (այսուհետ՝ ԵՊՑ) միավորում է  երեխաների հարցերով զբաղվող 39 հասարակական կազմակերպություն: ԵՊՑ-ն գործում է 2005 թվականից, պաշտոնապես գրանցվել է 2012 թվականին: ԵՊՑ-ն իր գործունեությամբ նպաստում է երեխաների բարեկեցությանը՝ մասնակցություն ունենալով  երկրում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումներին և  համապատասխան քաղաքականության մշակմանն ու հստակեցմանը` ուղղված երկրում երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը:

2012 թվականից ԵՊՑ-ն անդամակցում է Սևծովյան տարածաշրջանային ChildPact կոալիցիային, որը համախմբում է այս ոլորտում տասը երկրներից ավելի քան 600 կազմակերպություն:

[1] ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից մշակված երեխայի մասին լուսաբանման էթիկայի ուղեցույց՝ http://www.unicef.org/ceecis/media_1482.html