Կայացավ ԵՊ ցանցի ընդհանուր ժողովը

Ս.թ. մայիսի 17-ին կայացավ Երեխաների պաշտպանության ցանցի (այուհետ՝ ԵՊՑ) ամենամյա Ընդհանուր ժողովը: Հանդիպումը սկսվեց ԵՊՑ նախորդ նախագահ Աիդա Մուրադյանի համառոտ հաշվետվությամբ, մասնավորապես՝ ներկայացվեցին Ցանցի կողմից իրականացված ծրագրերը, Քովիդով պայմանավորված ծրագրերում առաջացած դժվարությունները և արդյունքում` Ցանցի գործունեության ժամանակավոր պասիվացումը: Ներկայացվեց նաև միջազգային համագործակցության փորձը, մասնավորապես՝ կարճ անդրադարձ արվեց ԵՊ ցանցի ներկայացուցիչների այցելությանն այլ երկրներ: Սա հատկապես կարևոր գնահատվեց ԵՊ ցանցը միջազգային հարթակում ներկայացնելու և լավագույն փորձը կիսելու/սովորելու տեսանկյունից: Խոսվեց նաև այդ ծրագրերի արդյունքների/պրոդուկտների մասին, մասնավորապես՝ Էլինե Սանթրոսյանն ամփոփ ներկայացրեց «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը» հետազոտության նկարագիրը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այնուհետև ԵՊ ցանցի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը ներկայացրեց 2021-2023 թթ ռազմավարական պլանի նախագիծը: Գ. Վարդանյանը հատուկ շեշտեց, որ ԵՊ ցանցը անհատական դեպքերով չի զբաղվելու և իր ռեսուրսները կենտրոնացնելու է քաղաքականության փոփոխության վրա` հիմնվելով նաև անհատական դեպքերից ստացված տեղեկատվության վրա: 

Ռազմավարական պլանում այսպիսով տեղ են գտել հետևյալ ռազմավարական նպատակները.

  1. ԵՊ ցանց կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացում և անխափան գործառնության ապահովում:

  2. ԵՊ ցանցի անդամ-կազմակերպությունների ներգրավվածության և արդյունավետ փոխգործակցության ապահովում:

  3. Շահերի պաշտպանություն, հանրային իրազեկում, երեխաների ձայնի լսելիության ապահովում:

Այնուհետև ԵՊ ցանցի աշխատակազմի ներկայացուցիչ Էլեն Հարությունյանը ներկայացրեց ԵՊ ցանցի անդամության նոր կարգի նախագիծը: Փաստաթուղթն ընդունվելու է Խորհրդի որոշմամբ, սակայն Ցանցը կարևորում է մասնակցային որոշումների ընդունումը, ուստի այն նախապես քննարկվեց անդամների հետ: Է. Հարությունյանը նշեց, որ կարգը բաղկացած է Ցանցի Կանոնադրության՝ անդամության վերաբերյալ բաժիններից, ինչպես նաև նոր բաժիններից, որոնք նախկինում ամրագրված չեն եղել որևէ փաստաթղթում, բայց պրակտիկայում իրականացվել են: Է. Հարությունյանը ներկայացրեց նոր անդամներին ներգրավելու կարգը՝ անհրաժեշտ համարելով նաև անդամ-կազմակերպությունների պատրաստակամությունը երեխաների պաշտպանությանը նվիրված բոլոր հնարավոր հարթակներն օգտագործելու և  ԵՊ ցանցը ներկայացնելու համար: Անդամության կարգը Խորհրդի կողմից հաստատվելուց հետո կհրապարկվի մեր կայքում: 

ԵՊՑ կանոնադրության համաձայն Խորհուրդը կարող է ունենալ մինչև 11 անդամ, սակայն տվյալ պահին կազմակերպության խորհրդում 8 անդամ էին` 1 անդամ կազմակերպության` Ցանցից դուրս գալու պատճառով: Ընդհանուր ժողովի առաջարկով որոշվեց ընտրել Խորհրդի 3 նոր անդամ և ունենալ ընդհամենը 11 անդամ:  

Այսպիսով, քննարկման ավարտին Ընդհանուր ժողովն ընտրեց ԵՊՑ նոր Խորհուրդ, որն ունի հետևյալ կազմը.

  1. Քնարիկ Գարանֆիլյան – Ընտանիք և համայնք ՀԿ նախագահ (ԵՊՑ խորհրդի նախագահ)

  2. Նաիրա Քերոբյան – «Շող» ցերեկային կենտրոնի համակարգող 

  3. Անահիտ Մելքումյան – «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ շահերի պաշտպան

  4. Միրա Անտոնյան – ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն

  5. Աիդա Մուրադյան – Վորլդ վիժն Հայաստանի Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար

  6. Ալվարդ Սարգսյան – «Նանե» բարեգործական միություն ՀԿ նախագահ

  7. Լուսինե Սիմոնյան – Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն

  8. Էլինե Սանթրոսյան – «Սոցիալական արդարություն» ՀԿ անդամ

  9. Նունե Գեղամյան – «Նագաշյան մանուկների տուն» ծրագրերի ղեկավար

  10. Հասմիկ Սարգսյան – Հայկական Կարիտասի Երեխաների պաշտպանության ծրագրերի պատասխանատու

  11. Սուրեն Մաղաքյան – «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ