Երեխաների պաշտպանության ցանցի հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ

83803541_hi027838176

Մոտ 2 շաբաթ է՝  Հայաստանում ամենաշրջանառվող և զգայուն խնդիրը  էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է: Երեխաների պաշտպանության ցացը, որ միավորում է 34 կազմակերպություն, գտնում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուղղակիորեն կազդի  տնտեսության զարգացման տեմպերի, միաժամանակ  շղթայական ազդեցություն կունենա ապրանքների և ծառայությունների  գնի բարձրացման վրա՝ այդպիսով հարված հասցնելով հատկապես  աղքատ և նպաստառու ընտանիքների և խոցելի  երեխաների կյանքի որակին:

Երեխաների պաշտապանության ցանցը իր մտահոգությունը  միացնում է էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացման առթիվ հնչող մյուս հայտարարություններին, քանի որ պաշտոնական տվյալներով արդեն իսկ բնակչության 32 %-ը աղքատ է, իսկ մանկական աղքատությունը կազմում է 37.3%:  Մինչև 18 տարեկան երեխաների 3.3%-ը ծայրահեղ աղքատ է, ինչը նշանակում է, որ առանց թանկացումների  ներկա գներն անգամ այդ երեխաների ու նրանց ընտանիքների համար անմատչելի են:   Ոչ պաշտոնական տվյալներով, աղքատ երեխաները կազմում են Հայաստանում մանկահասակ բնակչության ուղիղ կեսը. դրանք այն երեխաներն են,  ովքեր ուղղակիորեն կտուժեն սպասվող գնային փոփոխությունից:

Աղքատությունը, դառնալով տևական, ձևավորում է աղքատության մշակույթ իր բոլոր անցանկալի և անդառնալի հետևանքներով: Քայքայելով հանրության ներուժը՝ այն կարող է սպառնալ նաև ազգային անվտանգությանը, քանի որ աղքատոթյան ու զրկանքների մեջ մեծացող երեխաները կորցնում են իրենց պոտենցիալը զարգացնելու գրեթե բոլոր հնարավորությունները:

Ցանցը իր մտահոգություն է հայտնում հատկապես  Ոստիկանության կողմից թույլ տված այն ճնշումների կապակցությամբ, որոնք տեղի ունեցան հունիսի 22-ին, որից  տուժել են  երիտասարդներ ու նաև բազմաթիվ անչափահասներ ու մայրեր՝ գնահատելով ուժային կառույցի  քայլերը ոչ համարժեք և անընդունելի:

Կրկին շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանում երեխաները աղքատ խավի շրջանում ամենախոցելին են՝ կոչ ենք անում լրջորեն անդրադառնալ այս խնդրին և որոնել ելքեր՝ կանխելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և օգնել հանրությանը վերադառնալու բնականոն կյանքի հուն: