Երեխաների պաշտպանության ցանցը ահազանգեր է ստացել ՀՀ ոստիկանության բաժիններ անչափահասներ տեղափոխելու մասին

Երեխաների պաշտպանության ցանցը ահազանգեր է ստացել ՀՀ ոստիկանության բաժիններ անչափահասներ տեղափոխելու մասին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ արձագանքել ենք այդ դեպքերին, սակայն երեխաների իրավունքների խախտումները բացառելու և կանխելու նպատակով, իրազեկում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի մասին: Մասնավորապես՝

Քրեական դատավարության մասին ՀՀ օրենսգիրք

Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

Մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:
Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաև պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագրությունում:
Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Բերման ենթարկելը

Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։

Հարցաքննության կանչելու կարգը և տևողությունը

Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով: Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:
Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:

Կասկածյալի, մեղադրյալի իրավունքները և պարտականությունները

Անչափահաս կամ անգործունակ կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքները նրա փոխարեն, իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգիրը, խնամակալը:
Պաշտպանի պարտադիր մասնակցությունը: Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք

Վարչական ձերբակալում

Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան: Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է:
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի և տուժողի շահերը, որոնք անչափահասներ են, իրավունք ունեն ներկայացնելու նրանց օրինական ներկայացուցիչները՝ ծնողները, որդեգրողները, խնամակալները:

Ոստիկանության մասին ՀՀ օրենք

Հատուկ միջոցների գործադրումը

Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի: