Երեխայի լավագույն շահի պահպանումը՝ լուսաբանման անկյունաքար

Բռնությունը փոխարինենք սիրով հանրային արշավի անդամ կազմակերպությունները խստորեն դատապարտում են 13-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգության դեպքի վերաբերյալ այնպիսի լուսաբանումը, որտեղ անփութորեն բացահայտվում են երեխայի կյանքի վերաբերյալ խիստ անձնական մանրամասներ և որտեղ հնարավոր է հեշտությամբ նույնականացնել երեխային:
Վերջին ամիսներին հայկական լրատվական դաշտում հաճախացել են անչափահասների հանդեպ սեռական բռնության դեպքերը լուսաբանող հրապարակումներ, որոնցում տեղ են գտնում զոհի և նրա ընտանիքի ինքնությունը բացահայտող մանրամասներ։
Բազմաթիվ լուսաբանումների հեղինակներ, լրատվամիջոցների խմբագրեր, ինչպես նաև այդ նյութերը սոցիալական ցանցերում տարածող օգտատերեր հաշվի չեն առնում այն լրացուցիչ հոգեբանական տրավման և հանրային պիտակավորումը, որոնց կարող է ենթարկվել բռնության ենթարկված անչափահասը՝ բռնության մանրամասների հանրայնացման արդյունքում։
Բռնության զոհ անչափահասի ինքնության գաղտնիության ապահովումը պահանջում է համալիր ջանքեր։ Մասնավորապես միայն զոհի՝ գլխից ներքև կադրով տեսանկարահանումը չի հանգեցնում նրա ինքնության գաղտնիության պահպանմանը, եթե տեսանյութում նշվում է երեխայի բնակության վայրը: Զոհի ընտանիքի անդամից վերցված մեկնաբանությունը ևս պարունակում է երեխայի ինքնությունը գաղտնազերծող տեղեկատվություն և ամբողջությամբ հնարավորություն է տալիս նույնականացնել երեխային:
Հորդորում ենք՝
 Լրատվամիջոցներին՝ նյութը շարադրելիս բացարձակ արժեք դիտարկել երեխայի լավագույն շահի ապահովումը և զերծ մնալ ցանկացած մանրամասնը հանրայնացնելուց, որ կարող է բացահայտել բռնության, հատկապես՝ սեռական բռնության ենթարկված անչափահասի ինքնությունը։
 Սոցիալական ցանցերի օգտատերերին՝ ձեռնպահ մնալ անչափահասների հանդեպ բռնության դեպքերը լուսաբանող այնպիսի նյութերից, որ պարունակում են զոհի ինքնությունը բացահայտող տեղեկություններ․ Ձեր արդար վրդովմունքը ձեր կամքից անկախ կարող է լրացուցիչ տառապանք պատճառել բռնության ենթարկված երեխային ու նրա ընտանիքին։
Լուսաբանման՝ երեխայի լավագույն շահի ապահովմանը միտված այս և այլ կանոնների լայնածավալ խախտման ականատես եղանք 13-ամյա աղջկա հանդեպ բռնությունը լուսաբանող տեսանյութում և հարակից հրապարակումներում, որ ներկայումս ակտիվորեն տարածվում են համացանցում։ Մենք միանում ենք այս առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կոչին՝ տուժած երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին պաշտպանելուն ուղղված համապատասխան ջանքեր գործադրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք լրատվամիջոցներին տրամադրել համապարփակ խորհրդատվություն՝ անչափահասներին առնչվող լրատվական հրապարակումները երեխայի լավագույն շահից բխեցնելու վերաբերյալ։

***

«Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային քարոզարշավի անդամ-կազմակերպություններ