Երեխայի լավագույն շահը՝ նրա վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակելու կարևորագույն սկզբունք

17351209_1156002367854878_425090647_n

«Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպությունների միությունը (ԵՊՑ) Երեւանում 2017 թվականի մարտի  15-ին  կազմակերպել էր  «Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը» թեմայով քննարկում:Քննարկման հիմնական նպատակն էր բարձացնել և հանրության ուշադրությանը ներկայցնել  երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերը:

 

Քննարկմանը մասնակցում էին «Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արշակ Գասպարյանը, ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը և  տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

 

«Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը» քննարկման ընթացքում  փորձագետներն անդրադարձան կրթական հաստատություններում և զանգվածային լրատվության միջոնցերում երեխաների անձնական տվյալների հրապարակայնությանը, երեխաների   կյանքի հետագա  որակի վրա դրանց  ազդեցությանը  և համացանցում երեխաների անվտանգության խնդիրներին  վերաբերող թեմաներին:

 

«Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակվել է ուղեցույց, որում երեխաների անձնական տվյալների հետ աշխատելու սկզբունքներ են ամրագրված՝ նկատի ունենալով միջազգային փորձը, Հայաստանի Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ հայտնած դիրքորոշումներն ու այլ իրավական ակտեր:   Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կարևորագույն ու սուր խնդիրներից մեկն է»,- այդ  մասին լրագրողների հետ քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը:

 

Քննարկմանը մասնակցում էին «Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արշակ Գասպարյանն  իր խոսքում նշեց. «Երեխայի անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը, լրագրողը պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար։ Երեխաներն առավել խոցելի են, քանի որ իրենց ֆիզիկական և մտավոր զարգացման, իրավագիտակցության ձևավորման ճանապարհին կարող են ամբողջությամբ չգիտակցել իրենց անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը»:

Նրա խոսքով՝ անձնական տվյալների պաշտպանությունն օրեցօր ավելի դժվար է դառնում, և ցանկացած տվյալ հրապարակելուց, համացանցում տեղադրելուց առաջ, թե´ մեծահասակները, թե´ երեխաները պետք է գիտակցեն, որ դա հավերժ այդտեղ է մնալու։
Արշակ Գասպարյանը հավելեց, որ բավականին  աշխատանք պետք է իրականցվի  երեխաների ծնողների հետ, քանի որ առաջին հերթին նրանք պետք է տեղեկացված լինեն՝ ինչպես պաշտպանել երեխայի անձնական տվյալները։

Քննարկմանը ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կոմիղ  ևս կարևորվեց երեխաների  ծնողների հետ աշխատանքը։
Նրա խոսքով՝ այստեղ մեծ դեր ունի նաև կրթական համակարգը.

«Դպրոցներում իսպառ բացակայում է ՏՏ համակարգի անվտանգության վերաբերյալ ուսուցումը։ Հաճախ «Ինֆորմատիկա» առարկայի ժամանակ սովորեցնում են այնպիսի բաներ, որոնք երբեք չեն էլ կիրառվում։ Պետք է սովորեցնել այն, ինչը պետք կգա կյանքում»։

 

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ՏՏ ոլորտում անվտանգության մակարդակը բարձրացնելու տարբերակներից մեկը հանրային իրազեկման ծրագրերի ներդրումն է:

Խնդրի լուծման համար պետք է կազմակերպել հանրային իրազեկման ծրագիրˋ առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաների խնամատարներին, իսկ լրատվամիջոցների համար մշակել էթիկայի կոդեքս, որտեղ կամրագրվեն առավել կոշտ խախտման դեպքերը։

 

Երեխաների պաշտպանության ցանցը շարունակելու է կազմակերպել նմանօրինակ  խնդիրներին ուղղված քննարկումներ: