Երեխայի ընտանքիում ապրելու իրավունքի իրացումը Հայաստանի Հանրապետությունում

Միջազգային փորձը, ինչպես նաև երեխայի զարգացմանն ուղղված բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնամքի շուրջօրյա հաստատությունները նպաստավոր միջավայր չեն ապահովում երեխայի լիարժեք զարգացման համար։ Այս առումով ընտանեկան միջավայրն ամենանպաստավորն է երեխայի խնամքի և պաշտպանության համար։

2019 թվականի մայիսի 16-ի ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվեց կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության, միջկառավարական, միջազգային ու  տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև շարունակական համագործակցության արդյունքում Հայաստանում պետական ֆինանսավորմամբ շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե հինգ անգամ կրճատվել է. 2006 թվականի մոտ 10 000-ից նվազելով մինչև մոտ 3900՝  2014թ. տարեվերջի դրությամբ, և ապա մինչև 2000 երեխայի՝ այլընտրանքային խնամքի բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում:

2019 թվականի սեպտեմբերի դրությամբ ՀՀ ԱՍՀՆ ենթակայությամբ գործում է բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) 6 հաստատություն (մանկատուն), որտեղ խնամվում է շուրջ 608 երեխա, այդ թվում՝ առողջական խնդիրներով 450 երեխա, ովքեր խնամքը ստանում են 3 մասնագիտացված մանկատներում։ Հանրապետությունում գործում է նաև երկու ոչ պետական մանկատուն՝ Միսիոներների բարեգործական կազմակերպությունը՝ Երևանում (20 երեխաների ընդգրկմամբ) և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական կազմակերպությունը՝ Կոտայքի մարզի Աբովյան և Տավուշի մարզի Իջևան քաղաքների մասնաճյուղերում (131 երեխայի ընդգրկմամբ)։ Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաների ավելի քան 90 տոկոսը հաստատություններում հայտնվում է՝ պայմանավորված առողջական խնդիրներով և ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով:

Թեև վերջին տարիներին երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմավորման քաղաքականության արդյունքում նվազում է այդ հաստատություններում երեխաների թիվը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում աճում է՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու, խնամակալության, խնամատարության և որդեգրման հանձնելու գրեթե անհնարինությամբ պայմանավորված։

Պետական քաղաքականության հիմնական թիրախը պետք է լինի կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը, ինչը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքում էապես նվազեցնել հաստատություններում կամ այլընտրանքային ընտանեկան միջավայրում խնամքի կարիք ունեցող երեխաների թիվը: Գործընթացի յուրաքանչյուր մասնակցի համար պետք է հստակ սահմանված լինեն պատասխանատվության շրջանակն ու գործառույթները՝ բացառելով կրկնությունը այլ մասնակիցների գործառույթների մասով։ Ընդ որում՝ պատասխանատվության շրջանակի և գործառույթների սահմանումը պետք է ներառի անհրաժեշտ սահմանված գործիքակազմ, որը նաև կապահովի յուրաքանչյուր մասնակցի հաշվետվողականությունն ու թափանցիկ գործելաոճը: Մասնավոր հատվածի և միջազգային գործընկերները, քաղաքացիական հասարակությունը երեխայի իրավունքների պատշաճ պաշտպանության անհրաժեշտ և կարևոր մասնակիցներն են, սակայն նրանց գործունեությունն օժանդակ է և ուղղված է աջակցելու պետական քաղաքականությանը։ Պետությունն իր հերթին պետք է լիարժեք իրականացնի համակարգման գործառույթ ոլորտում գործող մասնակիցների նկատմամբ՝ ուղղորդելով օժանդակ աջակցությունը դրա կարիքն ունեցող հատվածներին և մեծացնելով համատեղ ջանքերի արդյունավետությունը։

Երբ կանոնները հստակ են, հասկանալի և հասանելի բոլոր մասնակիցներին և շահառուներին՝ գործողությունների արդյունքները կանխատեսելի են, հետադարձ կապի մեխանիզմները՝ բավարար և արդյունավետ։

Հրապարակումը կատարվել է  «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Բուլղարիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։