Բաց նամակ Երևանի քաղաքապետին

child protection finish

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

 

 

Հարգելի՛ պրն Մարգարյան,

 

  Ս.թ. մայիսի 24-ին հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ Երևանի քաղաքապետարանը արտոնել էր «Չումբո» նախաձեռնող խմբին 40.000 դպրոցականների համար պարային միջոցառում կազմակերպել (https://www.azatutyun.am/a/28507107.html):

 Երեխաների պաշտպանության ցանցը ողջունում է երեխաների համար ժամանցային բարեգործական միջոցառումների կազմակերպումը, սակայն միևնույն ժամանակ կարևորում է նման լայնածավալ միջոցառումների իրականացման ընթացքում երեխայի անվտանգության նվազագույն պահանջների ապահովումը:

  Վերոգրյալ տեսանյութից պարզ է դառնում, որ մի շարք էական հանգամանքներ հաշվի չեն առնվել Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու ժամանակ:

      Մասնավորապես,

    -Երեխաների անվտանգությունը չի ապահովվել պատշաճ ձևով: Մեծ թվով երեխաներ միաժամանակ գտնվել են մեկ հաստատությունում, որտեղ չի եղել պատշաճ օդափոխություն, ապահովված չեն եղել համապատասխան անվտանգության միջոցներ (օր. շտապ օգնության մեքենա, համապատասխան թվով ոստիկաններ և այլն): Տեսանյութում նշվում է նաև, որ երեխաներին չի տրամադրվել ջուր:

    -Միջոցառման մասնակցությունը, ըստ որոշ ծնողների, կրել է պարտադիր բնույթ, ինչը համարում ենք անընդունելի: Ժամանցային միջոցառումներին մասնակցությունը չի կարող պարտադրվել դպրոցների վարչակազմի կողմից:

    -Միջոցառման բովանդակային մասը մասնակից երեխաների ոչ բոլոր տարիքային խմբերի համար է մշակված եղել:

  Խնդրում ենք տեղեկացնել, թե ի՞նչ չափորոշիչների հիման վրա է Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրել նմանատիպ միջոցառման արտոնություն տրամադրելու վերաբերյալ և ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացվել:

 Մտահոգված լինելով երեխաների անվտանգության հարցերով՝ կոչ ենք անում երեխաների մասնակցությամբ միջոցառումների իրականացման թույլտվություն տրամադրելիս հավաստիանալ, որ ապահովված են երեխաների անվտանգության նվազագույն պահանջները, երեխաների մասնակցությունը կամավոր է և միջոցառումը նպաստում է երեխայի զարգացմանը:

 

Հարգանքով՝

«Երեխաների պաշպանության ցանց» ԻԱՄ